Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Լույսը կբացվի՝ կդառնան ընդդիմադիր

Լույսը կբացվի՝ կդառնան ընդդիմադիր
22.04.2013 | 21:50

Ով՝ ով, բայց տասը տարի ՀՀ արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրած փորձառու քաղաքական գործիչ Վարդան Օսկանյանը պետք է լավ իմանա, որ ընդդիմադիր չեն դառնում սեզոնից սեզոն՝ ըստ նպատակահարմարության՝ վկայակոչելով երկրում ստեղծված ներքաղաքական վիճակն ու հնարավոր զարգացումները: Այն ժամանակ, երբ հաջողությամբ պաշտոնավարում էր Վարդան Օսկանյանը, մեր ներքաղաքական կյանքն ամենեևին էլ աչքի չէր ընկնում կայունությամբ և քաղաքական համերաշխությամբ:
Բայց արի ու տես, որ Վարդան Օսկանյանի համար ընդդիմադիր լինելը, կարծես, զբաղմունքի պես մի բան է, եթե նա նստել ու իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր, հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը, առաջիկա տարիներին սպասվող ներքաղաքական հնարավոր զարգացումները և հատկապես այն, որ ԲՀԿ-ն, առանց ինքն իրեն ընդդիմություն հռչակելու, այսպիսի դերակատարում է ստանձնել, ես կարծում եմ, որ ԲՀԿ-ն խորհրդարանի սեպտեմբերյան նստաշրջանի սկզբում պետք է փոխի իր քաղաքական կարգավիճակը և իրեն հռչակի ընդդիմադիր կուսակցություն: Համոզված եմ, որ դրանից կշահեն երկիրը, քաղաքական համակարգը և, վերջիվերջո, քաղաքացին»:
Վարդան Օսկանյանի կուսակից, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանն էլ ասել է, որ կուսակցությունում նման հարց չի քննարկվել, և որ Վարդան Օսկանյանն իր անձնական տեսակետն է հայտնել:
Արագած Ախոյանն ավելի իրատես է, գիտի, թե Հայաստանում ինչ է նշանակում լինել ընդդիմադիր: Գիտի, որ ո՛չ Վարդան Օսկանյանը, ո՛չ էլ ԲՀԿ-ում որևէ մեկը պատրաստ չեն և չեն դառնա ընդդիմադիր: Ընդդիմադիր լինեին՝ մինչև հիմա կարող էին դառնալ ընդդիմություն և այն ժամանակ էլ կկիսեին բոլոր ընդդիմադիրներին պատուհասած դժվարությունները:
Այնպես որ, պարոն Օսկանյան, ընդդիմադիր լինելը պարապ վախտի զբաղմունք չէ, կոմպլեմենտար քաղաքականություն չէ, որով հաջողությամբ զբաղվում էիք Ձեր պաշտոնավարման տարիներին, քաղաքական կոնյունկտուրա չէ, որ շահերի համադրմամբ՝ մի օր մի բան հայտարարես, մյուս օրը՝ հերքես: Եթե կուզեք՝ ընդդիմադիր լինելը մեր տիպի երկրներում ծանր խաչ է, որն ամեն ոք պատրաստ չէ կրելու:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2934

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ